Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Քաղաքական վերադասավորումների նախերգանք

Քաղաքական վերադասավորումների նախերգանք
13.11.2015 | 01:19

Որքան էլ հայաստանյան քաղաքական ուժերը, մամուլը, փորձագիտական հանրությունն այս օրերին իրենց առաջնահերթ ուշադրությունը սևեռում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և դրա հետ կապված զարգացումներին, այնուամենայնիվ, հասկանալի է, որ դրանք ընդամենն առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախերգանքն են։ Մի փուլ, որի ընթացքում քաղաքական ուժերը փորձելու են դիրքավորվել և իրենց տեղն ամրագրել ապագա իշխանական ու քաղաքական դաշտում։
Անկախ քաղաքական զարգացումներից և հնչող խոստումներից, այնուամենայնիվ, սահմանադրական հանրաքվեի արդյունքները բավականին կանխատեսելի են թվում: ՈՒ թեև չի բացառվում, որ բուն հանրաքվեից հետո գործընթացները կթևակոխեն հետհանրաքվեյան բողոքական հանրահավաքային փուլ, այնուհանդերձ, հաշվի առնելով այսօրվա ընդդիմության կազմակերպչական, կադրային, ֆինանսական և աշխարհաքաղաքական ռեսուրսները, դժվար թե գործընթացները դուրս գան իշխանության վերահսկողությունից:
Այս պայմաններում հանրաքվեի հետ կապված գործընթացները որոշ ուժերի համար, թերևս, լավագույն հարթակն են՝ իրենց փոխհարաբերություններն իշխանական թևի հետ ճշտելուց առաջ փորձել բանակցային նոր ռեսուրսներ ձեռք բերել, որպեսզի ապագա բանակցություններից առաջ գործընկերներին ի ցույց դնեն սեփական քաղաքական և քարոզչական ներուժը։ Ոմանց համար էլ հանրաքվեն հերթական ճամբարափոխությունն իրականացնելու, իսկ որոշ նորաստեղծ կառույցների համար էլ ինքնահաստատման լավ հնարավորություն է։ Հենց այս նպատակներից ու հեռանկարներից են բխում այսօրվա քաղաքական դաշտի արդեն իսկ պայմանական համարվող իշխանական և ընդդիմադիր հիմնական սուբյեկտների ռազմավարական ու մարտավարական գործողությունները։ Ասում ենք պայմանական, քանի որ առայժմ ֆորմալ առումով ոչիշխանական ճամբարում գտնվող որոշ ուժեր, մասնավորապես, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, հանրաքվեից հետո արդեն իսկ կսկսեն վերջնականապես ճշտել իրենց հարաբերությունները ՀՀԿ-ի և իշխող քաղաքական վերնախավի, տարբեր էլիտար խմբերի հետ՝ ապագա իշխանական կոնֆիգուրացիայում իրենց տեղն ամրագրելու առումով։
Ժամանակից շուտ խաղաքարտերը չբացահայտելու ցանկությամբ է պայմանավորված այն, որ թե՛ ՀՅԴ-ն, թե՛ ԲՀԿ-ն որոշեցին սահմանադրության նախագծի օգտին քարոզել ՀՀԿ-ից առանձին։ Մի կողմից, դա հնարավորություն է տալիս սեփական ընտրազանգվածի կորուստներ չունենալ (հատկապես ՀՅԴ-ի դեպքում), մյուս կողմից էլ` թե՛ ՀՅԴ-ն, թե՛ ԲՀԿ-ն պահպանում են մանևրելու հնարավորությունը ենթադրյալ բոլոր զարգացումների պարագայում: Մասնավորապես, երկու կուսակցություններն էլ այժմ ջանք չեն խնայում, որպեսզի համապետական ընտրական գործընթացների նախաշեմին հնարավորինս չասոցացվեն ցածր ժողովրդականություն վայելող իշխանությունների հետ: Վերջիններս իրենց հերթին կարծես թե նույնպես դեմ չեն սահմանադրական հանրաքվեի՝ այո-ի իրենց դաշնակից կուսակցությունների որոշ խաղեր տալու ձգտումներին: Ավելին՝ վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ նույնիսկ գործողություններ են իրականացվում ժամանակին ԲՀԿ-ից հեռացած գործարար տարրերին վերադարձնելու ուղղությամբ։ Սակայն եթե վերը նշված զարգացումները և որոշ քաղաքական ուժերի հավակնություններն ընդհանուր առմամբ կանխատեսվող սցենարի մեջ են, ապա լուրջ անակնկալ էին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ի հայտ գալը և հայաստանյան քաղաքական դաշտում մեծ դերակատարություն ունենալու ցանկության մասին հայտնի հայտարարությունը։ Ֆինանսապես անկախ և ինչպես Արա Աբրահամյանն ինքն է պնդում, անձամբ Պուտինի աջակցությամբ գործող ռուսամետ քաղաքական ուժի հայտնվելու հեռանկարը հասկանալի պատճառներով չի կարող չանհանգստացնել իշխանական կայուն մեծամասնություն ձևավորելու հավակնություններ ունեցող քաղաքական ուժերին և ֆինանսատնտեսական ու օլիգարխիկ էլիտաներին։ Ի դեպ, այս համատեքստում նկատենք նաև, որ դեռևս ստվերում է շարունակում մնալ գազպրոմական Կարեն Կարապետյանը։
Ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, թե Արա Աբրահամյանի առումով և պաշտոնական Մոսկվայի որոշ շրջանակներից Սերժ Սարգսյանին արվել է մի առաջարկ, որից նա չէր կարող հրաժարվել։ Ինչպես նման այլ դեպքերում, Մոսկվայից հավանաբար հավաստիացրել են, որ աբրահամյանական պրոյեկտն ուղղված չէ գործող իշխանությունների և նրա հավակնությունների դեմ, այլ ընդամենը նրանց օժանդակելու համար է։ Գուցե նաև ասվել է, որ նորաստեղծ այդ քաղաքական ուժն ու նրա առաջնորդը պետք է ամրապնդեն ռուսական գործոնը ՀՀ իշխանությունում՝ փոխարինելով Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով քաղաքական իզգոյ դարձած, ռուսամետի համբավ ունեցող Գագիկ Ծառուկյանին։ Բնականաբար, ենթադրվում է, որ Արա Աբրահամյանն իր կուսակցությունով հանդերձ կփորձի տիրություն անել ծառուկյանական ԲՀԿ-ի, այսպես կոչված, բարեգործություններին ընտելացած սոցիալապես անապահով ստվար ընտրազանգվածներին: Բայց պարզ է, որ Սերժ Սարգսյանը, լինելով ներքին և արտաքին քաղաքական խարդավանքներում բավականին փորձված և հմտացած գործիչ, լուրջ հիմքեր ունի կասկածելու, որ ինչ-ինչ զարգացումների պատճառով Հայաստանում ևս կարող է գործի դրվել Բիձինա Իվանիշվիլու տարբերակը, երբ 2004 թ. Վրաստանի քաղաքական դաշտ մտավ (կամ ներմուծվեց) Ռուսաստանում հսկայական ֆինանսական կարողություններ դիզած միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։ Վերջինս, ինչպես հայտնի է, «վարդերի հեղափոխությունից» հետո համարվում էր Սաակաշվիլու ամենամտերիմներից, նույնիսկ վերջինիս, այսպես ասած, գլխավոր ֆինանսական «քսակներից» մեկը. Իվանիշվիլին, իր իսկ խոստովանությամբ, մոտ 1 միլիարդ դոլար էր ծախսել Սաակաշվիլուն աջակցելու համար։ Բայց բոլորս տեսանք, որ ի վերջո աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի որոշակի փոփոխման և պայմանավորվածությունների պայմաններում հենց Բիձինա Իվանիշվիլին գահընկեց արեց Սաակաշվիլուն։ Բնականաբար, մտահոգվելու առիթ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ հայաստանյան իշխանական վերնախավը ունեն: Առավել ևս, որ Ռուսաստանի հայերի միության ղեկավարի քաղաքական ակտիվությունը տեղի է ունենում ռուսաստանահայ հայտնի այլ խոշոր գործարարների հայաստանյան տնտեսաօլիգարխիկ դաշտ սրընթաց մուտք գործելու ֆոնին: ՈՒ պատահական չէ, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Արա Աբրահամյանը նշել է, որ մինչ իր հայտնի ասուլիսը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, ով իրեն ասել է, թե չի կարող արգելել մտնել քաղաքական դաշտ, սակայն նաև զգուշացրել է, որ բարդ է լինելու։ Ինչևէ, Սերժ Սարգսյանը, ինչպես միշտ, փորձելու է իր խաղը խաղալ ստեղծված իրավիճակում և հնարավորինս իր կողմը թեքել գործընթացները, գուցե նաև Արա Աբրահամյանի մեծամասնական ցուցակում ձևավորի պատգամավորների իր առանձին ցուցակը, ինչպես ժամանակին ԲՀԿ-ի պարագայում էր։
Բայց հնարավոր է, որ այս դեպքում կոշտ տեխնոլոգիաները, որոնք կիրառվեցին Գագիկ Ծառուկյանի պարագայում, կիրառելի չլինեն կրեմլյան շրջանակների հետ որոշակի սերտ կապեր ունեցող մեծահարուստի հանդեպ։ Այս պայմաններում է, որ իշխանություններին կարող է օգտակար լինել ԲՀԿ-ն, որը ապագայում գուցե փոշիացնի կամ մասնատի սոցիալապես անապահով ընտրազանգվածի ձայները:
Չի կարելի նաև վերջնականապես իշխանական փասիանսից դուրս գրել մշտապես քաղաքական առևտրի մեջ թաթախված ՕԵԿ-ին, որը «Հայկական վերածնունդ» անվամբ փորձում է գնալ ռեբրենդինգի՝ քաղաքական տեխնոլոգիական հնարքի, որպեսզի կարողանա չեզոքացնել հանրության և իշխանության մոտ բավականին վատ վարկանիշը։
Շատ փորձագետների կարծիքով՝ ՕԵԿ-ը, ինչպես միշտ, փորձելու է քաղաքական առևտրի միջոցով հնարավորինս ժամանակ ձգել և առավելագույնը կորզել։ Տպավորություն է, թե ՕԵԿ-ը ժամանակին ինչ-ինչ մեսիջներ է ստացել աշխարհաքաղաքական որոշ կենտրոններից՝ կապված այսօրվա իշխանությունների ապագայի հետ, և այդ ուղերձների պատճառով որոշակի տեմպ կորցրեց, ստացված խոստումները կարծես թե չիրականացան, թաթախվեց նոր պրոյեկտի մեջ, որն այժմ արգելակման փուլում է։ Այս իրավիճակում իշխանական դաշտում աստիճանաբար մարում է հետաքրքրությունն այդ ուժի նկատմամբ։ Կոպիտ ասած, ՕԵԿ-ին գին տվող չկա։ Այդ իսկ պատճառով այս քաղաքական ուժը շարունակում է «ոչ» ասել սահմանադրական փոփոխությունների նախագծին։ Այս առումով գուցե «Օրինաց երկիրը» դուրս մնա ապագա իշխանական շրջագծից, քանի որ վերջինիս նկրտումները շատ ավելի բարձր են, քան նրան պատրաստ են վճարելու էլիտաները։ Եվ, ի վերջո, պետք չէ մոռանալ նաև, որ Արթուր Բաղդասարյանը սերտ հարաբերությունների մեջ է Արա Աբրահամյանի հետ։
Մի խոսքով՝ ապագա իշխանական վերադասավորումների գործընթացը ոչ միայն մեկնարկել է, այլև սահմանադրական հանրաքվեի ընթացքում կատալիզացվելու է։

Վիգեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 40737

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ